Հայկական Chessify հավելվածը շախմատասերներին է ներկայացնում տարատեսակ շախմատային գործիքներ, որոնց մի մասը հնարավոր չէ գտնել այլ հարթակներում:
Հավելվածի ամենախորհրդանշական գործիքներից է շախմատային սկաները, որը հնարավորություն է տալիս հեռախոսով գրքից նկարել շախմատային դիագրամներ և խնդիրներ, թվայնացնել և աշխատել դրանց վրա՝ տեղաշարժելով խաղաքարերը։ Անհրաժեշտության դեպքում՝ օգտագործողը կարող է նաև օգտվել տարբեր շախմատային շարժիչներից (վերլուծական ծրագրերից) և հեշտությամբ լուծել ցանկացած խնդիր։
Այսօր Chessify֊ը ունի ավելի քան 500,000 օգտատեր Android և iOS հարթակներում։ Թագուհու Գամբիտ սերիալի մեկնարկից հետո հավելվածի ամսական ներբեռնումների քանակը աճել է 90%, իսկ ակտիվ օգտագործողներինը՝ 35%։
Chessify֊ը շեշտադրումը դնում է յուրօրինակ և նորարարական գործիքների վրա․ դիագրամների և PDF գրքերի սկանավորում, ամպային հզոր շարժիչներ, վիդեոների որոնում շախմատային դիրքերին համապատասխան և դեռ մի շարք նորարար ֆունկցիաներ միշտ պատրաստ են օգնելու շախմատասերներին բարելավել իրենց հմտությունները։